2 տարի առաջ էի ամուսնացել, բայց արդեն 1 տարի է, ինչ ամուսնալուծվել եմ: Նախկին կինս թողել էր բոլոր իրերը, այդ թվում նաև հարսանեկան զգեստը ու հեռացել:
Վերջերս նոր տուն տեղափոխվեցի, և հարսանեկան զգեստն էլ վերցրեցի, չէի ուզում աղբը գցել: Երբ հասա նոր տան բակ և սկսեցի մեքենայից հանել իրերը, հարևանները մոտեցան, որ ծանոթանան: Երբ նրանք նկատեցին զգեստը, հարցրեցին, թե որտեղ է կինս: Իսկ ես ամաչում էի ասել, որ նա ինձ դավաճանել և հեռացել է ուրիշ տղամարդու հետ, և ստեցի, որ նա մահացել է: Իսկ հետո սկսեցի հորինել և պատմեցի, թե իբր կնոջս ուրվականը գիշերները գալիս է ինձ մոտ և մտնում զգեստի մեջ: Իսկ դրանից հետո լուռ քայլեցի դեպի շքամուտքը: Որոշ ժամանակ անց ես ինքս էլ մոռացել էի իմ չար կատակի մասին:
Երեկ մի աղջկա էի հրավիրել իմ տուն, նստեցինք, գինի խմեցինք. հանկարծ նա նկատեց զգեստը և խնդրեց ցույց տալ: Մինչ ես վեր կացա, որ հանեմ այն պահարանից, ընկերուհիս գնաց սանհանգույց, իսկ ես զգեստը դրեցի աթոռին:
Հանկարծ մեր դուռը թակեցին: Եկել էր հարևանս, որ ինչ-որ բան հարցնի: Նա ներս մտավ և քարացած կանգնեց: Ես նայեցի այդ տեսարանին հարևանիս աչքերով. սեղանին կա երկու գավաթ, մոմեր, երաժշտություն և …հարսանեկան զգեստ:
Հարևանս դողացող ձայնով ասաց.
-Այդ նա՞ է…
-Այո…
Խեղճ մարդը՝ իրեն մի կերպ ոտքի վրա պահելով, դուրս եկավ մեր տնից և վազելով գնաց:
Կարծում եմ, այդ զգեստն այդպես էլ չեմ գցի, այն ինձ դեռ շատ կծիծաղեցնի: