Վլադիմիր Պուտինը Երևանում հանդիպել է Բելլա Քոչարյանին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ-ում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատանքային այցի ավարտին այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն:

Ռուսական պատվիրակության կազմում գտնվող 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան մեկնելուց առաջ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին:

Մեր աղբյուրների հաղորդմամբ, ՌԴ նախագահը և ՀՀ երկրորդ նախագահի տիկինը թեյել են և երկար զրույց ունեցել:

Բնականաբար, հասկանալի է, որ խոսակցության հիմնական թեման եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, նրա շուրջ ստեղծված իրավիճակը, իշխանությունների կողմից ծավալվող գործողությունները նրա նկատմամբ, սակայն այլ մանրամասներ մեր աղբյուրներին հայտնի չեն դարձել:

Հիշեցնենք, որ այսօր աշխատանքային այցով Երևանում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, ով իր աշխատանքային այցի ընթացքում մասնակցեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին, որի շրջանակներում ունեցավ հանդիպումներ ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Աղբյուր՝ 168.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES