Մելինեն մահացել է, այդ անունով մարդ չեմ տեսնում, կա Մելո Դալուզյան․ Փաշիկ Ալավերդյան

Այն բանից հետո, ինչ հայտնի է դարձել, որ ծանրորդ Մելինե Դալուզյանի (արդեն՝ Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում, դժգոհությունները չեն դադարում: Քննադատության են ենթարկվում թե՛ ֆիլմի հեղինակներն ու ֆինանսավորողները, թե՛ ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի նախկին անդամը:

Նաեւ օրակարգային է դարձել Մել Դալուզյանի վերաբերյալ նախկինում արդեն իսկ հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ նա մարզական կարիերայի ընթացքում արգելված խթանիչներ է օգտագործել: Լոնդոն 2012-ում Դալուզյանի դոպինգ-թեստի վերստուգման արդյունքում նրա նմուշում դեհիդրոքլորմեթիլտեստոստերոն ու ստանոզոլոլ է հայտնաբերվել: Այս օլիմպիական խաղերում նա մեդալ չէր նվաճել:

Այս տեղեկատվությունը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտնել էր դեռ 2018 թ. դեկտեմբերին: Միջազգային օլիմպիական կոմիտեն նույնպես այս մասին տեղեկացրել էր 2019-ի մայիսին՝ ավելացնելով, որ հետագա պատժամիջոցների մասին որոշում պետք է կայացնի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որակազրկված մարզիկների ցանկում Դալուզյանի անունը չկա, սակայն սա չի նշանակում, որ նրա դրական դոպինգ-թեստը չի անդրադառնում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի վրա: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան խստորեն պատժելու է այն երկրներին, որոնք 2008 թ. օլիմպիական խաղերից սկսած՝ 20 եւ ավելի դրական թեստեր ունեն: ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ խոսքը մարզիկների քանակի մասին է ու որ Հայաստանի 19 մարզիկ է դրական դոպինգ թեստ ունեցել: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նաեւ խոսեց այն մասին, որ Դալուզյանը մի քանի տարի է՝ կապ չունի ֆեդերացիայի հետ: Նշեց, որ նույնիսկ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ու Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հարցրել են Դալուզյանի մասին, իսկ ինքը պատասխանել է, որ իր համար նա մահացած է:

«Ես ասել եմ, որ Մելինեն մահացել է, Մելինե Դալուզյանը մահացած է: Ասել են՝ ինչո՞ւ, ասել եմ, որովհետեւ հիմա Մելինե Դալուզյան անունով մարդ չեմ տեսնում: Կա Մելո Դալուզյան: Մելոն դա Մելինեն չէ»,- պատմեց Ալավերդյանը:

Եթե Հայաստանը գերազանցի դրական դոպինգ-թեստերի թույլատրված քանակը, ապա կենթարկվի նույն պատժին, որին արժանացել են, օրինակ՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը եւ Բելառուսը: Այս երկրները Տոկիո 2020-ում ծանրամարտի կանանց ու տղամարդկանց պայքարում իրավունք ունեն ներկայանալու ընդամենը 1-ական մարզիկով: ՀԺ-ի հետ զրույցում Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ այս պահի դրությամբ եղած դրական դոպինգ թեստերի քանակով Հայաստանին թույլատրվում է ունենալ 2-ական ներկայացուցիչ կանանց ու տղամարդկանց մրցումներում: Նա նաեւ ասաց, որ վերջնական որոշումը կայացվելու է 2020 թ. մայիսի վերջին կայանալիք ժողովի ժամանակ, որին մասնակցելու են նաեւ ՄՕԿ-ը եւ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան:

Իսկ այս ընթացքում հայ ծանրորդները շարունակում են պայքարել օլիմպիական ուղեգրերի համար ու հաջող ելույթներ ունենալ միջազգային ասպարեզում: Չեմպիոններ ու մրցանակակիրներ են վերադառնում թե՛ խոշոր մրցաշարերից, ինչպիսիք են մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները, Եվրոպայի մինչեւ 20 ու 23 տարեկանների առաջնությունները, եւ թե՛ հերթական վարկանիշային մրցաշարերից:

Դալուզյանը Հայաստանի կանանց ծանրամարտի հաջողակ ներկայացուցիչներից մեկն է: Ինչպես նշված է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում, նա միջազգային ասպարեզում ՀՀ-ն սկսել է ներկայացնել 2006 թվականից: 63կգ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն է (2007, 2008 թթ.): 1 անգամ Եվրոպայի արծաթեմեդալակիր է դարձել 69կգ քաշային կարգում: Աշխարհի առաջնություններում լավագույն արդյունքը 3-րդ տեղն է: 2006-ին բրոնզեմեդալակիր է դարձել 63, իսկ 2010-ին՝ 69կգ քաշային կարգում: Վերջին մրցաշարը, որին նա մասնակցել է, ըստ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի, աշխարհի 2014 թ. առաջնությունն է: Զբաղեցրել է 10-րդ տեղը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES