«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվինն այսօր առողջացած դուրս գրվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:
«Նման «HAPPY END» ես տեսել էի միայն հեքիաթներում ու ֆիլմերում:
Այս օրերի ընթացքում այնքան ջերմություն ենք ստացել, որ համապատասխան բառով չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ զգում հիմա: Այս հիվանդանոցը իմ տունն է, աշխատակիցները՝ ընտանիքիս անդամները, շնորհակալ եմ յուրաքանչյուրին:
Նրանք թույլ տվեցին, որ շարունակեմ ժպտալ, ապրել ու ուրախանալ այս պատմության «HAPPY END»-ով»,- ասաց Արվինի մայրը՝ Մարզիա Վիքսոմը:
Երեխան դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ, իսկ այսօր հեռանալիս բոլորին ժպտում էր, անընդմեջ շնորհակալություն հայտնում:
ԲԿ-ի միջանցքներում տոն էր. նրան բոլորս ենք հասցրել սիրել ու շատ: Շնորհակալություն բոլորին, ովքեր այս օրերի ընթացքում այսչափ հոգատար ու անհանգիստ էին երեխայի կյանքի ու այս ընտանիքի համար:
Շնորհակալություն նաև բժիշկներին: HAPPY END
Հիշեցում. Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել:
Փոքրիկն անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:
Տղայի մոտ առկա է եղել զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Նրան միացված է եղել արհեստական շնչառության սարք և անգիտակից էր:
Բժիշկները վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Սեպտեմբերի 9-ին տղան գիտակցության էր եկել և ճանաչել ծնողներին»: