Խոսքս Ձեզ է վերաբերում ՝ Կոստանյան Գևորգ, Շարմազանով Էդուարդ, Աշոտյան Արմեն

Նախքան այս մեկնաբանությունը գրելը բազմիցս ցանկացել եմ նման մարդկանց կողմից նման բնույթի հոդվածները մեկնաբանել:

Բայց չեմ արել, որովհետև ճիշտն ասած ոչ ժամանակ եմ ունեցել և մյուս կողմից էլ մտածել եմ՝ ո՞վ է կարդալու, կամ արդյո՞ք ինձ ճիշտ կհասկանան…

Համոզված եմ, որ այդպես է մտածում նաև իմ ճանապարհով անցած յուրաքանչյուր սպա:

Բայց այս անգամ ժամանակ եմ գտնում և կփորձեմ կարճ շարադրել ասելիքս, որովհետև մյուս կողմից էլ, եթե նման մարդկանց չպատասխանեմ, խիղճս ինձ կտանջի, քանի որ իրավիճակը գնալով հունից դուրս է գալիս:

Վերջերս Վանեցյան Արթուրի հրաժարականից հետո տարբեր ատյաններում, քաղաքական թևերում, առանձին անհատների կողմից տեղի են ունենում ՍՊԱՅԻ ՊԱՏՎԻ հետ կապված քննարկումներ, մեկնաբանություններ ու հնչում մտահոգ արտահայտություններ:

Ամոթ է, կանգ առե՛ք, մի՛ փորձեք խոսել, գնահատականներ հնչեցնել այն բանի մասին, ինչից տեղյակ չեք, ինչի մասին ֆիլմերից (սերիալներից) եք տեղեկացված կամ ձեր «փափուկ» կյանքի ընթացքում ստացած կրթության հաշվին ունեցած՝ այդ երևույթի մասին դատողություններ կատարելու կարողություններից:

Դուք չեք հասկանում, թե ով է սպան, ինչպես է ապրում ու մտածում, ինչ մտահոգություններ ունի այն սպան, որ կյանքը վտանգի տակ դրած ծառայել ու ծառայում է, իր սկզբունքայնությամբ, նվիրվածությամբ ու անձնազոհությամբ հիմք է դրել ու ապահովել այսօրվա խաղաղությունն ու պետականությունը և այսօր, սոցիալապես մինիմալ ապահովվածությամբ հպարտորեն ապրելով իր երկրում, պատրաստ է նորից մարտնչել առաջին իսկ վտանգի դեպքում:

Մի՛ քննարկեք Մեզ, ՄԵՐ ՊԱՏԻՎԸ, դա շատ ցավալի է, ձեր կարողություններն այս հարցում մակերեսային են ու «սիրողական»:

Խոսքս ձեզ է վերաբերում՝ Կոստանյան Գևորգ, Շարմազանով Էդուարդ, Աշոտյան Արմեն, հաշվի առնելով լեյտենանտից գեներալ դառնալու շատ կարճ ժամանակահատվածը և այն համադրելով վերջին 1.5 տարվա ձեր աշխատանքի սկզբնական պաթոսի և ԱԱԾ պետին ոչ հարիր հրաժարականի ենթատեքստի բովանդակության հետ, նաև ձեզ՝ Ա.Վանեցյան:

Ես դա ասում եմ հոգու խորքում ամենայն հանգստությամբ, որովհետև 17 տարեկանից մինչև 40 տարեկանս ապրել եմ զինվորական կյանքով, անցել եմ պատերազմական ճանապարհ, զինակից ընկերներ կորցրել և տեսել ձեզանից շատերի կողմից ձևական, պահի կամ շեֆերի ցուցումներով կեղծ հոգատարությունը նրանց ընտանիքի անդամների և հարազատների նկատմամբ:

Կոստանյան Գևորգ, ասում ես իմ արդարադատության աստիճանս դառնում է գեներալ-լեյտենանտ, բա ամոթ չե՞ս անում, էն հետախուզվող, փախած-թռած Միհրանն էլ է չէ՞ քո պես դառնում:

Գիտեմ, որ քո ու քո նմանների համար բաղձանք է խոսել ՍՊԱՅԻ ՊԱՏՎԻ, արժանապատվության մասին, իբր մտահոգ անձ կամ առավել ևս հանդես գալ որպես սպա: Դուք, որպես «փափուկ» անկյուններում մեծացած, դժվարություն չտեսած, մարդկանց վերևից նայող, միայն ձեր սին փառքը հետապնդող, ստից լավ տղա խաղացող՝ բարոյական ոչ մի իրավունք չունեք ՍՊԱՅԻ ու նրա ՊԱՏՎԻ մասին գնահատականներ ու մտահոգություններ հայտնելու: Գ.Կոստանյան, դու խելացի , պատրաստված իրավաբան ես, գործ չունես սպայի հետ, դու կրտսեր լեյտենենտ էլ չես կարող լինել, էլ ուր մնաց գեներալ-լեյտենանտ: Դու մոռացե՞լ ես քանի սպայի ես դատել: Մոռացե՞լ ես Յու.Խաչատուրովի խոսքերը քեզ ուղղված. «Прежде чем судить офицера, человек должен быть чуть-чуть офицером», Ղափան քաղաքում, եթե չեմ սխալվում 2013 կամ 2014 թթ. էր:

Ու ձե՞ր նմաններն են խոսում սպայի պատվի մասին, Ա.Վանեցյա՞նն է ամբողջ կյանքը ուսադիրների տակ անցկացրել:

Կամ դուք, Շարմազանով , Աշոտյան, ասում եք՝ Փաշինյանը ծառայած չի, դեզերտիր ա, արցախյան ազատամարտի սպաների արժանապատվությանն է կպնում: Իբր դուք որտե՞ղ եք ծառայել, ի՞նչ հատուկ զինվորական, ռազմական գործողություններ եք իրականացրել կամ ներկա եղել: Եվ կամ ֆեյսբուքյան էջերում արցախյան ազատամարտի սպաների հետ նկարներ հրապարակելո՞վ եք դառնում նրանց պատիվը պահող:

Ոչ ոք չի կարող արցախյան ազատամարտի սպայի արժանապատվությանը ձեռք տալ, չի՛ մարսի:

Սահմանափակվեմ դեռևս այսքանով…

ՊԱՏԻՎ ունեմ:

Դավիթ Դավթյան, Պահեստազորի գնդապետ

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES