Խնդրում եմ տարածեք, որ մարդիկ հասկանան ու իրազեկ լինեն. Մարինե Մանուկյան

Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Խնդրում եմ տարածեք, որ մարդիկ հասկանան ու իրազեկ լինեն

Այսօր Մանկական Ուղեղային Կաթվածի (ՄՈւկ) Միջազգային օրն է, օրվա խորհրդանշական գույնը` կանաչն է

Սա 3 բառերի խումբ է, ախտորոշում, որ փոխում է մարդկային ճակատագրեր` հայտնվելով բոլորովին չսպասված, ամենաանհարմար պահին, հիմնականում, երբ դու երիտասարդ ես ու լի շատ նուրբ ու ռոմանտիկ երազանքներով: Սկսվում է անվերջանալի թվացող փորձաշրջան… Հին ու նոր, սեր ու ատելություն, բարին ու չարը քո մեջ խառնվում են իրար ու արդյունքում հաղթում է այն, ինչ դու ես`գենետիկական, բջջային մակարդակում

Ու եթե դու մարդ ես, ով սիրում է կյանքն ու ուզում է ապրել, ապա այն քեզ փոխում է, դարձնում անճանաչելի, անհաղթելի, անկոտրում, բայց ցավալի իրատես` առանց ավելորդ էմոցիաների ու շաաատ մարդկային զգացողություններ…

Դու հրաշալի հասկանում ես, որ քո երեխայի կյանքը երբեք չի լինելու «սովորական» ու դա, անկեղծ ու մեղմ ասած շատ ցավոտ է, քչերն են մնում «նորմալ» հոգեբանությամբ ու էլ ավելի քչերն են հաղթահարում այդ նուրբ շեմը…

Ես ներկայացնում եմ հազարավոր հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներից բաղկացած համայնք, այն մարդկանց, ովքեր ապրում են այս խնդրով, ուստի լավ գիտեմ ինչն է մեզ միավորում, ուժեղացնում ու թուլացնում` հուսահատեցնելով:

Մենք անսահման սիրում ենք մեր ձագուկներին ու երազում նրանց ապագայի համար, ինչպես բոլորը

Իսկ հիմա ավելի կարճ ու համառոտ

Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխան չի ընկալվում` բառի բոլոր հայտնի ու անհայտ իմաստներով: Դա ինֆորմացիայի և իրազեկության պակասից է:

Սա առաջին ու ամենամեծ բարդությունն է:

Չկան ցերեկային խնամքի որակյալ կենտրոններ, որ ծնողը կարողանա մի քիչ ապրել իր կյանքն էլ ` հոգալով իր ամենապարզ կարիքները ( 2 ձեռքով սուրճ խմել, խանութ գնալ, հանդիպել ընկերներին տարվա մեջ գոնե 1-2 անգամ և այլն) :

Չկան բավարար միջոցներ, որ երեխան ստանա իր զարգացման համար անհրաժեշտ վերականգնողական բուժման տարեկան նորման` գոնե 7-8 ամիս` ընդմիջումներով:

Երկիրը համատարած անմատչելի է ֆիզիկապես տեղափոխվելու խնդիր ունեցող մարդու համար:

Հարյուրավոր ընտանիքներ այս աենի պատճառով արտագաղթում են` ավելի որակյալ կյանքի երազանքով :

Հազարավոր այլ խնդիրներ, որոնց մասին իմ և Armenian Mothers NGO — Հայ Մայրեր Բարեգործական ՀԿ էջերում մշտապես գրում ենք:

Ու չնայած այս ամենին մենք շարունակում ենք ապրել, Արարել, սիրել, շփվել ու նույնիսկ ունենալ էլի երեխաներ…

Դուք բոլորդ մեծ դեր ունեք մեր փոքրիկների կյանքում: Ընդունեք ու սիրեք մեզ, մենք կանք ու ապրում ենք ձեր մեջ` ձեզ հետ, նույն քաղաքում, գյուղում, շենքում:

Ոչ ոք ապահովագրված չէ: Անտարբերությունը ամենամեծ չարիքն է:

Ու վերջում, փորձե՞լ եք երբևէ երջանկությունը գրկել, ես այո, ամեն օր, նաև այս նկարում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES