Ինչպես 23-ամյա Արմինեն հայտնվեց Gucci-ի տեսադաշտում և Ալեսանդրո Միկելեն ընտրեց նրան

Հայ մոդելը մասնակցել է Gucci-ի ցուցադրությանը․ այս նորությունը բավականին լայն տարածում գտավ հայկական մամուլում՝ հայտնվելով լսարանի ուշադրության կենտրոնում: Համաշխարհային ճանաչում ունեցող բրենդի ցուցադրությանը հայտնվելու մասին շատ մոդելներ են երազում, իսկ ահա 23-ամյա Արմինեն չէր էլ մտածում մոդելային կարիերայի մասին, սակայն հայտնվեց այդ ցուցադրությանը:

Արմինեն Tert.am Life-ին պատմել է, թե ինչպես հայտնվեց Միլանի նորաձևության շաբաթվա գլխավոր ցուցադրություններից մեկին ու ինչպես ակամա մոդել դարձավ:

Աղջիկը գարնանը մեկնել էր Բեռլին՝ ներկա լինելու իր սիրելի կորեական խմբի համերգին: Հենց Բեռլինի փողոցում էլ նրան մոտեցել է մի աղջիկ, որը ֆեյշըն սկաուտ է եղել և առաջարկել լուսանկարել:

«Նա ինձ խնդրեց նկարել, հետո փոխանակվեցինք կոնտակտներով: Ավելի ուշ նա ինձ գրեց, որ լուսանկարս ուղարկել է Gucci-ին և ինձ ուզում են տեսնել ֆեյշըն շոուի ժամանակ: Ինձ խնդրում էր հաջորդ օրը մեկնել, սակայն ասացի, որ չեմ կարող, Եվրոպա մեկնելու համար մենք պետք է դիմենք վիզայի համար: Ավելի ուշ նա ինձ գրեց, որ միևնույն է, ինձ ուզում են տեսնել և հրավիրում են Գարուն-ամառ հավաքածուի ցուցադրության քասթինգին»,- պատմեց Արմինեն:

Նրա խոսքով՝ քասթինգին շատ են կարևորել բնական տեսքով ներկայանալը: «Սովորաբար քասթինգներին ներկայանում են բարձրակրունկներով, բայց իրենք ասել էին, որ ներկայանանք ցածրակրունկ կոշիկներով, արտասովոր ձևով չքայլենք, ներկայանանք այնպես, ինչպես առօրյայում: Gucci-ն առանձնանում է նրանով, որ գնում է դեպի բնականը: Այդ իսկ պատճառով քասթինգը հանգիստ անցավ: Քասթինգը հենց Ալեսանդրո Միկելեն էր անցկացնում: Հաճելի էր լինել այնտեղ,- ասաց երիտասարդ հայուհին, որը քասթինգի ժամանակ հասցրել է տպավորել իր արտասովոր կոշիկներով: -Հագուստները փորձելու ժամանակ այնտեղի դիզայներներից մեկը նկատեց կոշիկներս ու նկարելու ցանկություն հայտնեց, որովհետև արտասովոր ու հետաքրքիր էին»:

Բուն ցուցադրության օրը Արմինեն վառ տպավորություններ է ստացել: Ասում է՝ ամեն ինչ շատ կազմակերպված էր: Վաղ առավոտից պատրաստվում էին ցուցադրությանը:

«Մեծ քանակությամբ դիմահարդարներ, վարսահարդարներ էին աշխատում, որպեսզի ցուցադրությունը պատշաճ մակարդակի անցնի: Ամեն բան իդեալական էր: Մինչև պոդիում բարձրանալը շատ փորձեր ենք ունեցել, որպեսզի ճիշտ կանգնենք և ճիշտ ներկայանանք: Շատ հաճելի էր գտնվել նման միջավայրում, նման մարդկանց հետ շփվել: Նաև շատ ընկերներ ձեռք բերեցի տարբեր երկրներից»,- պատմեց նա:

Ցուցադրության համար Արմինեի հագուստն ընտրել են մասնագետները: Կերպարային փոփոխության նրան չեն ենթարկել, թեև ինքը շատ էր ցանակնում էքսպերիմենտ անել․ «Կային մասնակիցներ, որոնց մազափունջ էին ավելացրել, հոնքերի ձևն էին փոխել: Շատ էի ուզում, որպեսզի ինձ էլ կերպարային ինչ-որ փոփոխություն ենթարկեին, հետաքրքիր կլիներ, թե ինչպես կնայվեր այդ փոփոխությունն ինձ վրա, սակայն ոչինչ չփոխեցին»:

Արմինեն չի քայլել պոդիումում, հագուստ է ցուցադրել շարժասանդուղքներ կանգնած: Խոստովանում է՝ պոդիումում քայլել էլ շատ կցանկանար, սակայն այնտեղ հայտնվելն արդեն իսկ մեծ պատիվ է իր համար․ «Իհարկե, կուզեի նաև քայլել, սակայն երբ դու այս ամենի մասնակիցն ես, արդեն մեծ պատիվ  է: 200 աղջիկ, որոնք շատ գեղեցիկ էին, չէին անցել նախնական քասթինգը ու տխուր հեռանում էին: Այնտեղ էլ, երբ ծանոթացա մասնակիցների հետ և իմացան, որ առաջին քայլս է այս ոլորտում, զարմացած էին, որ առաջին մասնակցությունս միանգամից Gucci-ի ցուցադրությանն է եղել, իրենք երկար աշխատել էին այդտեղ հայտնվելու համար: Սակայն Gucci-ն հայտնի է նրանով, որ միշտ նոր դեմքերի է փնտրում ու կարող է ցուցադրության հրավիրել մոդելների, որոնք համապատասխան չեն ընդունված չափանիշներին»:

Հետագայում նոր համագործակցություն կլինի՞, թե՞ ոչ, Արմինեն չգիտի, որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերել: Ասում է, եթե կրկին նման առաջարկ ստանա, սիրով կհամաձայնի, սակայն կանխատեսումներ անել չի ուզում:

«Չէի սպասում այսպիսի արձագանքի: Ես նույնիսկ չգիտեմ, թե հետագայում ինչ կլինի: Հիմա ոչինչ չեմ մտածում, դեռ ուշքի չեմ գալիս: Ինքնաթիռից իջել եմ ու անմիջապես աշխատանքի եկել»,- ասաց երիտասարդ աղջիկն ու հավելեց, որ շատ է սիրում իր մասնագիտությունն ու այն փոխելու մասին չի մտածում: Նա սովորել է նախ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, ապա Թատերական ինստիտուտում: Մասնագիտությամբ կինոյի և թատրոնի նկարիչ է: Այժմ աշխատում է «ԲեթԿոնստրակտ» ընկերությունում որպես գրաֆիկ-դիզայներ, ինլյուստրատոր:

«Ես ծնվել և մեծացել եմ նկարիչներ ընտանիքում: Այդ միջավայրն ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել: Իմ աշխատանքը նաև իմ հետաքրքրությունն ու ժամանցն է, որովհետև շատ եմ սիրում այն: Սա այն դեպքն է, երբ աշխատանքդ նաև հոբբի է, և դու կարողանում ես գումար վաստակել դրանով»,- նկատեց նա:

Համացանցի օգտատերերը բուռն քննարկեցին Արմիենի արտաքինը: Նրա կերպարը փոքր-ինչ անսովոր է հայկական իրականության մեջ ընդունված չափանիշների համար: Երիտասարդ աղջիկը նկատեց, որ իր դիմագծերով տիպիկ հայուհի է, իսկ ահա կերպարը կարող է արտասովոր լինել:  «Ինձ համար տարօրինակ է լինել ուշադրության  կենտրոնում»,- ասաց նա ու հավելեց, որ նախկինումԵրևանում իր արտաքնի համար հատուկ ուշադրության չի արժանացել: Արմինեն մինչև այս հայտնի չէր հայ լսարանին, քանի որ մոդելային գործունեություն չի ծավալել:

«Ես ունեմ լուսանկարիչ ընկերներ, որոնց առաջարկով, երբեմն, լուսանկարվել եմ, բացի այդ, այս ոլորտում շատ ընկերներ ունեմ, մասնակցել եմ իրենց դիպլոմային աշխատանքների ցուցադրություններին, սակայն դա արել եմ որպես օգնություն, ոչ որպես մոդելային կարիերայի սկիզբ»,- եզրափակեց նա:

Աղբյուր՝ Tert.am Life

Понравилась статья? Поделиться с друзьями:
LIVING STORIES