Այսօր գրեթե ցանկացած ուտեստ կարելի է գնել պատրաստի վիճակում: Սակայն, կարծում ենք, բոլորն էլ կհամաձայնվեն, որ տանը պատրաստվածն ամենահամեղն ու ախորժելին է:
Եթե երբեք չեք պատրաստել չեբուրեկի, այս բաղադրատոմսը կօգնի ձեզ: Այս կերպ պատրաստված չեբուրեկին ստացվում է նուրբ միջուկով ու խրթխրթան խմորով:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ալյուր՝ 700 գ
- ջուր՝ 200 գ
- ձու՝ 1 հատ
- կարագ՝ 100 գ
- աղացած միս, ցանկալի է խոզի՝ 500 գ
- սոխ՝ 2-3 հատ
- աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ.
Կարագը հալեցնել, և երբ այն սառի, հարել ձվի հետ: Այնուհետև մաղել ալյուրը, աղ ավելացնել, մեջը լցնել եռման ջուր, նաև հարած ձուն և կարագը: Ստացված զանգվածը ինտենսիվ խառնել:
Խմորը հունցելուց հետո թողնել այն, որ հանգստանա՝ ծածկելով կաթսան կափարիչով: Միսն ու սոխը աղալ, համեմել աղով ու պղպեղով:
Խմորից փոքր կտորներ կտրել, գրտնակել: Ափսեի օգնությամբ կարող եք կտրել խմորը՝ գեղեցիկ շրջանակ ստանալով: Լոշիկի մի կողմի վրա մի քիչ միջուկ դնել և կարագի փոքր կտոր: Ծածկել խմորի մյուս կեսով, իսկ եզրերը ամրացնել:
Թավայի մեջ շատ ձեթ լցնել, լավ տաքացնել ու երկու կողմից տապակել չեբուրեկիները:
Բարի ախորժակ: