«Չկա հասարակության մեջ այդ գիտակցումը, որ մենք գործ ունենք բավականին լուրջ վտանգի հետ». Նարինե Մկրտչյան

«Չկա հասարակության մեջ այդ գիտակցումը, որ մենք գործ ունենք բավականին լուրջ վտանգի հետ». Նարինե Մկրտչյան

168.am-ի հետ զրույցում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը։

Նարինե Մկրտչյանը թեև հասկանում է՝ նման իրավիճակում ամեն ինչ չէ, որ կարող էր կատարյալ լինել, բայց ըստ նրա՝ կա մի սահման, որտեղից արդեն սխալների կուտակումը լուրջ հետևանքներ կարող է ունենալ․

«Հայաստանում վարակակիրների թվի աճը վկայում է հենց նման իրավիճակների մասին, որ մեզ մոտ սխալները, նաև՝ ռազմավարության բացակայությունը դրան է նպաստել։ Երկրորդ՝ նախ և առաջ՝ իշխանություններն իրենք էին պարտավոր հետևել և վերահսկել իրավիճակը և առաջինն իրենք պետք է կատարեին, ոչ թե կամավոր լիներ՝ կուզեն ձեռնոց կամ դիմակ կդնեն, կուզեն՝ չեն դնի, հեռավորություն կպահեն կամ չեն պահի, և այն։

Ցանկացած դեպքում, նույնիսկ ամենավատ իշխանությունը, էլ չեմ ասում՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը, միշտ օրինակ է հասարակության զգալի մասի համար։ Բայց այս իշխանությունների գործողություններին նույնիսկ իրենց ընտրազանգվածը կամ սոցիալական հենարանը չի արձագանքում՝ այս առումով։

Դիմակ չկրելու համար հասարակական շրջանակներում էլ մի շարք պատճառներ են մատնանշվում, մյուս կողմից՝ այն բոլոր պատճառներն ու կոչերը, որոնք դիմակ և ձեռնոց չկրելու համար են արվում, միանգամայն անընդունելի են, և այդ մարդիկ պետք է խստորեն պատասխանատվության ենթարկվեն, որովհետև այստեղ խնդիրը մարդու իրավունքների մասին չէ, դա նույնիսկ ազգային անվտանգության խնդիր է, իսկ դրա դեմ ոտնձգություն անողը պետք է պատժվի»։

Նրա խոսքով՝ բարձր տուգանքներ պետք է գործեն իշխանության ներկայացուցիչների և հասարակության անդամների համար․ «Ես երեկ էլ, դրանից առաջ էլ կենտրոնում տեսա, որ ոչ փոքրաթիվ մարդիկ առանց դիմակի են, նույնիսկ երթուղային տաքսիների վարորդները դիմակները ծնոտին են անցկացնում, այսինքն՝ ձևական դնում են։

Չկա հասարակության մեջ այդ գիտակցումը, որ մենք գործ ունենք բավականին լուրջ վտանգի հետ։ Ես չեմ խոսում խուճապի մասին, բայց վտանգի հանդեպ անփույթ վերաբերմունքը միայն բացասական և վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել։ Պետք է վերահսկողություն սահմանել, խստորեն հետևել և կիրարկել տուգանքների համակարգը։

Դիմակ չկրելը չի կարելի դարձնել քաղաքական պայքարի գործիք, որովհետև, եթե անկեղծ լինենք, մյուս կողմից էլ հասկանալի է՝ ընդդիմություն կամ կիսաընդդիմություն կոչվածները նաև մտածում են, որ այդ կարգով կարելի է նաև իշխանափոխության հասնել, բայց անբարո է հանրային առողջությունը դարձնել քաղաքական պայքարի գործիք, որովհետև կան խնդիրներ, ինչպես՝ Ղարաբաղի խնդրում մենք պետք է ունենանք միասնական, չասեմ՝ դիրքորոշում, որովհետև իշխանության դիրքորոշումը կարող  է անընդունելի լինել, բայց պայքարի միասնական ճակատ, այնպես էլ՝ այս հարցում։

Տեսեք՝ եթե ամբողջ աշխարհում ընդհանուր նվազում է նկատվում, ապա Հայաստանում ամեն օր աճ է արձանագրվում։ Այս ընթացքը պետք է նաև օգտագործել՝ առողջապահական համակարգն ամրացնելու համար, որովհետև դեռ հայտնի չէ, թե մենք էլ ինչ նոր խնդիրների հետ պետք է առնչվենք։

Ես չգիտեմ՝ այնտեղ ինչ-որ բան արվո՞ւմ է, թե՞ օրվա խնդիրներն են լուծվում։ Առողջապահական համակարգը պետք է պատրաստ լինի ամենատարբեր բացասական զարգացումների»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Понравилась статья? Поделиться с друзьями: