Նարեկը զոհվեց ամուսնական մատանին ձեռքում․․․ կյանքի հետ «մինի-պատերազմ»-ներ տվեցի. կորցրեցի, գտա, նորից կորցրեցի… Գտա քեզ ու կյանքի հետ զինադադար կնքեցի…

Հովհաննիսյան Նարեկ Վաչագանի 1992_2020 զոհվեց ամուսնական մատանին ձեռքում:
Գրում է նրա նշանածը՝Նոննա Համբարձումյանը.
Երբ փոքր էի, «պատերազմ» բառի իմ սեփական մեկնաբանությունն ունեի, կապում էի պատերը ձևավորելու, նախշազարդելու հետ։ Մեծանալով՝ կյանքի հետ «մինի-պատերազմ»-ներ տվեցի. կորցրեցի, գտա, նորից կորցրեցի… Գտա քեզ ու կյանքի հետ զինադադար կնքեցի…
Սկսվեց իրական պատերազմը, ու ես հասկացա, որ «պատերազմ» բառը պատի հետ կապ ունի այնքանով միայն, որ ավիրում է այն… Պատերազմը պատեր է ավիրում, պատերազմը կյանքեր է ավիրում։ Եվ պատերազմի հականիշն ինձ համար ամենևին էլ խաղաղությունը չէ, նախապատերազմն է, այնտեղ Դու կաս։
***
Իսկ հիմա… թե իմանամ՝ աշխարհի որևէ կետում կաս, կգամ՝ ձեռքերումդ նորից մարելու, կհատեմ բոլոր լայնությունները, որ աշխարհից նեղացած չմնամ։ Կայրվեմ, որ մոխիրս քամին քեզ բերի, ջուր կդառնամ ու ճակատովդ կհոսեմ, հող կդառնամ ու կտեղավորվեմ մազերիդ մեջ , որ մատներդ ինձ շոյեն, և ոտքերիդ տակ, որ անկումներդ գրկումս լինեն։
Կգամ, ցավդ կտանեմ, վերքդ կբուժեմ, որ վերքերիս համար մեղավորներ չփնտրեմ։
Միայն իմանամ, որ աշխարհի ինչ-որ կետում կաս։
Միա՛յն իմանամ…
***
Ինձ սպիտակն էինք ընտրել, քեզ համար՝ դասական սևը։ Թևանցուկ պետք է եկեղեցի մտնեինք։ Սակայն… խախտվեց հավասարակշռությունը… ես սևեր հագա…
Եվ ընդհանրապես կյանքի հավասարակշռություն կոչվածը հօդս է ցնդում, երբ կանայք են իրենց տղամարդկանց ծաղիկներ տանում…
***
Օրերն անցնում են…
Միևնույնն է ես շարունակում եմ կարոտել քեզ։ Պատերին եղունգներով անվանատառդ չեմ փորագրում, բայց մատներովս ստեղծում և քնքշորեն հիանում եմ դիմագծերովդ։ Կատարյալ են ցնորվելու աստիճան։
Որսում եմ ձայնդ քամիների մեջ և գլուխս ներքև գցում՝ կրծքիդ հենելու։ Աչքերումս ես, բայց հայելիներն ինչու՞ չեն արտացոլում քո կերպարանքը։ Եվ եթե իմանայի՝ մի օր մեջքս կոտրվելու է, կանգելուն չէի սովորի, ուր մնաց ՝ քայլելուն ու սավառնելուն…
Այսօր լրացավ մեր նշանադրության մեկ տարին։
Понравилась статья? Поделиться с друзьями: