Ես գիտեմ, որ յուրաքանչյուրիս ցավն անասելի մեծ է, Ես միայն մի խնդրանք ունեմ․․․ անմահացած կապիտան Արտուշ Արզումանյանի քրոջ գրառումը

Ես գիտեմ, որ յուրաքանչյուրիս ցավն անասելի մեծ է, Ես միայն մի խնդրանք ունեմ․․․

Անմահացած կապիտան Արտուշ Արզումանյանի քրոջ՝ Նանե Արզումանյանի գրառումը․

Ես գիտեմ, որ յուրաքանչյուրիս ցավն անասելի մեծ է ու բոլորս չենք կարողանում ուշքի գալ կատարվածից։ Ես միայն մի խնդրանք ունեմ՝ իմ հրապարակումներում մի՛ արտահայտեք ձեր կարծիքը՝ կռվու՞մ եք իշխանության դեմ, գնացեք եւ Նիկոլ Փաշինյանի գրառումների ներքո արտահայտեք ձեր բոցաշունչ մտքերը։ Ձեր էջերում գրեք ձեր կարծիքները։

Ես պիտի խոսեմ մեր սրտացավ տեսակի մասին. այնքան մարդկանց ճանաչեցի այս օրերին, ավաղ, ճանաչեցի հիվանդանոցներում, երբ հույս էի փայփայում, որ Եղբորս գուցե վերակենդանացման բաժանմունքներում գտնեի, ճանաչեցի Հայերիս, երբ դատաբժշկական գենետիկայի կենտրոնում էի օրեր շարունակ, ճանաչեցի Հերոսներիս Հայրերին, ովքեր պապայիս կողքին էին կանգնել ու, միմյանց գրկած, մղկտում էին մեր ընդհանուր ցավի համար, ճանաչեցի Մայրերին, ովքեր ամեն օր զանգահարում են ու խոսում Մամայիս հետ՝ լացում են միմյանց հետ ու լուռ մնում։

Ամեն օր Եռաբլուրում ճանաչում եմ ազգիս աղջիկներին, ովքեր գլխիկոր իրենց սիրած տղաների գերեզմաններին ծաղիկ են բերում, ճանաչում եմ ազգիս Տղաներին, ովքեր իրենց մեղադրում են, որ ողջ են մնացել… Ճանաչում եմ Հերոսների կանանց, ովքեր իրենց ծանր սգի մեջ գնում են արյունաբանական կենտրոն, որ գոնե մի Տղայի կյանք կարողանան փրկել։ Ես ուղղակի զարմանում եմ, որ այս միասնականության կողքին ով ասես խոսում է պատերազմից և անդադար հրամայում, թե ինչպես աշխատեն։

Իհարկե, ունենք բացթողումներ, իհարկե, կան բազմաթիվ թերացումներ, բայց ես լուռ եմ մի պարզ պատճառով՝ ես գիտեմ Եղբորս Հայրենասիրության աստիճանը։ Մենք կորցրել ենք Եղբորս տունն ու ամեն ինչը, բայց ես ամաչում եմ որևէ մեկից որևէ բան պահանջել, Եղբորս երեք որդիները մնացել են անհայր և անտուն, բայց ես շատ հարցերում լռում եմ, քանի որ խոսքն իմ Հայրենիքի մասին էր ու մենք առաջինը մեր ամենատունն ենք կորցրել։

Ես շատ հարցերում լռում եմ, որովհետև 23 տարի Եղբորս ծառայությանը զուգահեռ շարունակ զգացել եմ, թե ինչ են անում բանակի համար։ Հիմա էլ Եղբորս կինը, ով Եղբորս հետ հավասար եղել է պատերազմի դաշտում, Հայրս, ով կռվ ի դաշտում էր ու վիր ավոր Զինվորների կողքին գոնե ականատեսի աչքերով են պատմում տեղի ունեցածը։ Մի օր կպատմեմ մամրամասները…

Հիմա ես ուզում եմ միայն գրկել ողջ մնացած իմ Եղբայրներին ու աղոթել, որ այս արհավիրքն այլևս չկրկնվի… Ամեն մեկս ենք պատասխանատու այսօրվա համար, իսկ բոլոր նրանք, ովքեր մի փոքր անգամ մեղավոր են մեր պարտության համար, ես վստահ եմ ՝ պատժվելու են, բոլորն անխտիր՝ հին ու նոր չկա….

Երանի բոլոր նրանց, ովքեր տուն են վառել ու տուն են կորցրել, երանի բոլոր նրանց, ովքեր կարողացել են նահատ ակված տղաների մարմինը գտնել ու տեսնել վերջին անգամ, ես դրա հնարավորությունն էլ չունեի՝ Հրամանատարս մոխրացել էր իր Զինվորներին փրկելիս…

Հիմա ժամանակներ են, երբ պատերազմ չգնացածը խոսում է իր կռվ ից, վիշտ չունեցողը իր թաքուն տնից ստատուսներ է ձոնում և միայն նահատակված Հերոսների ընտանիքներն են լուռ ու փնտրտուքի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: