Այս նկարում բոլորս մայրիկիս գործած սվիտրերով ենք. Հակոբ Արշակյանի հուզիչ գրառումը

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Այս նկարում բոլորս մայրիկիս գործած սվիտրերով ենք։

Մինչև հիմա ջերմությունը զգում եմ այդ տաք ու փափուկ սվիտրերի, համոզված եմ՝ հայրիկս նույնպես»:

Հիշեցենք, որ օրերս կյանքից հեռացել էր նրա հայրը: Նա կիսվել էր այս գրառումով.

«Ուզում եմ ձեզ մի փոքր պատմել հայրիկիս մասին։

Հայրիկս իրենց գյուղի առաջին ուսանողն էր։ 1969 թվականին ընդունվեց Պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի բաժինը։ Իր կյանքի երկրորդ տասնամյակում արդեն Երևանի ամրանների գործարանի գլխավոր կոնստրուկտորն էր՝ երիտասարդ, ստեղծագործ, նորարար, եռանդով լի։ Բազմաթիվ գյուտերի ու նորարարությունների հեղինակ, անվերջ ճանապարհորդում էր, սովորեցնում ու սովորում։ Նրա նման մարդկանց շնորհիվ Հայաստանը Խորհրդային վերջին տարիներին դարձավ արդյունաբերական, արտադրող, հզոր մի երկիր։

88-ի առաջին իսկ օրերից նա միացավ շարժմանն ու այլևս երբեք չբաժանվեց ազատության, անկախության, արդարության սկզբմունքների համար իր պայքարից։ Շարժման օրերին ինձ նստեցնում էր ուսերին ու տանում մարդկանց ծովի խորքերը, այսօրվա նման հիշում եմ այն օրը, երբ «Ղարաբաղ» կոմիտեի ազատված քաղբանտարկյալներին բերեցին հրապարակ՝ ուսերի վրա։

«Ես վերջին արտագաղթողը կլինեմ Հայաստանից», հաճախ կարելի էր լսել նրա պատասխանը 90-կաններին արտերկրյա բազմաթիվ ընկերություններից հնչող աշխատանքի առաջարկներին և ընկերների ու բարեկամների հորդորներին՝ դուրս գալ Հայաստանից իր մասնագիտական կարողություններն օգտագործել դրսում։

Մի օր շատ տխուր եկավ տուն, «Չընդունեցին» ասաց։ Վազգենի կոչին արձագանքելով գնացել էր անդամագրվելու «Մահապարտների» ջոկատին։

_ Քանի՞ երեխա ունես,_ հարցրել էր Վազգենը։

_ Երեք որդի։

_ Ցավում եմ, բայց մենք քեզ չենք կարող ընդունել մեր շարքերը, դեռ երեք զինվոր ունես մեծացնելու։

Հայրս, մի խումբ ընկրների հետ լծված էր զենքերի արտադրության գործին։ Դրա մասին մենք իմացանք տարիներ հետո։

Հայրիկս մեր բարեկամներից ու ընկերներից տասնյակ մարդկանց համոզեց գնալ ու սովորել համալսարաններում, նրանց հետ մաթեմատիկա պարապեց և բոլորն էլ հաջողեցին։ Նրա ուսանողներից ամենածույլը ես դուրս եկա՝ հավաքելով ընդամենը 15,5 միավոր, այդ միավորը բավարար չեղավ իմ ուզած բաժինն ընդունվելու համար։ Հայրս չէր հավատում, որ ես կարող էի այդքան վատ հանձնել քննությունը, ամեն կերպ պատճառաբանություն էր գտնում ինձ համար, փորձում էր ինձ օգնել հոգեբանորեն․ «Տղաս, հավանաբար քեզ լավ չես զգացել քննության ընթացքում»։

Քանի որ գյուտարար էր, ստեղծեց բազմատեսակ արտադրական սարքեր, որոնք 90-ականներին, աղքատությունից դուրս բերեցին ոչ միայն մեր ընտանիքը, այլ նաև տասնյակ այլ ընտանիքներ, որոնք այդ սարքերով կարողանում են այնպիսի արտադրանք ստանալ, որը զրոյից շուկա մտնելու հնարավորություն էր տալիս։ Նրա սարքերը կարճ ծամանակում շուկայից դուրս մղեցին թուրքական նմանատիպ սարքերը։

Մինչև օրս էլ նրա սարքերը չեն փչանում, արտադրական հրաշքներ են գործում և մրցակիցը չունեն։ Հայրիկի արտադրած սարքերը մինչև օրս էլ գործում են Փարիզից մինչև Միլան, Մոսկվայից մինչև Լոս-Անջելես։ Նրա համար անհնարին խնդիր չկար, նրա ձեռքերը հրաշքներ էին գործում, աշխատում էր միայն սիրով, եթե իսկզբանե մարդը կամ աշխատանքը դուրը չեին գալիս, ոչ մի գումարի դիմաց գործը չեր սկսի։

Հայրս չէի սիրում բանակցել, առևտուրը իր աշխատանքի ամենատհաճ մասն էր, նա սիրում էր տեսնել իր սարքերն աշխատելիս, արժեք ստեղծելիս, մարդկանց հոգսերը թեթևացնելիս՝ ֆերմերից մինչև հրուշակագործ, մսամթերք արտադրողից մինչև առևտրական։ Հաճախ անձամբ գնում էր տեսնելու և համոզվելու, որ սարքը ճիշտ են աշխատեցնում, որ ծառայում է իր նպատակին։

Երթևեկելիս սիրում էր նշել․ «Այստեղ իմ սարքերն են աշխատում, երկուսը գնեցին, հրաշալի մարդիկ են»։ Հայրս սիրում էր կրկնել, որ իր հայրը՝ Հակոբը, սովորական պահակ էր ու այգեպան։ Երբեք թույլ չէր տալիս գոռոզանալ հաջողությամբ, բոլոր աշխատողներին՝ բանվորից մինչև տնօրեն, վերաբերվում էր հարգանքով, համեստությունը, ազնվությունն ու արդարությունը իր ուղենիշներն էին։

Հայրիկս մասնակցեց իր պետության գիտական ու արդյունաբերական զարգացմանը, մասնակցեց Անկախությունը շարժմանը, Արցախյան պատերազմի հաղթանակին, մասնակցեց Հեղափոխություն վերջնական հաղթանակին, հպարտացավ, նորից լցվեց հույսով, որ իր այդքան սիրած Հայրենիքը մի հզոր պետություն պիտի դառնա և հանգիստ սրտով հեռացավ մեզանից։

Հայրիկս ցանկացավ, որ մենք իր համար շատ չանհանգստանանք, ասաց, որ շատ է սիրում իր բոլորիս և ասաց, որ ցանկանում է Տուն գնալ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: